Իջևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ունեցվածքին, ապա՝ Սաշիկ Սարգսյանի 30 մլն դոլարին:
«Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ, որում Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացումն էր՝ 2014 կամ 2016թ-ին, որը ներկայացվում էր որպես օտարերկրյա ներդրում: Իրականում ՀՀ-ում աշխատված կոռուպցիոն փողերը տարել են Կիպրոս պտտել, բերել, էստեղ հյուրանոց կառուցել:
Բայց հարցը դա չի: Ինձ տեղեկացնում են, որ Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետգույքի կառավարման վարչություն ու ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբոր 30 մլն դոլարին, իմ նախորդ ելույթից հետո Սաշիկ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ է գումարների մի մասն ինչ-որ նպատակների համար տրամադրել: Ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե»,- ասաց Փաշինյանը: