Իսկական հեղափոխականը հեղափոխության հաղթանակից հետո չպետք է կորցնի զգոնությունը, քանի դեռ այն չի պսակվել ժողովրդի ինքնիշխանությամբ:
Նիկոլ Փաշինյան
Երանի Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը տպագրված լիներ մինչ թավշյա հեղափոխությունն ու այն կարդացած լինեինք: Անձամբ եթե կարդացած լինեի այս գիրքը, մարտին սկսված «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսին ոչ մի վայրկյան չէի կասկածի, կարծում եմ՝ ոչ միայն ես: Գիրքը նոր եմ կարդացել ու բացահայտել եմ քաղաքական մի առաջնորդի, ով նաև լավ գրող է, հրաշալի պատմող և ունի անսահման վառ երևակայություն: Հեղափոխության անհրաժեշտությունը գրքում հիմնավորվում է տարբեր փիլիսոփայական տեսակետներից ու էվոլյո՞ւցիա, թե՞ ռևոլյուցիա ինձ հուզող հարցի իր պատասխանը, որն ինձ համար էվոլյուցիայի օգտին է, կարծես՝ համոզիչ է, որ էվոլյուցիան առանց ռևոլյուցիայի չի կարող լինել, համենայն դեպս այսօր դա փաստ է:
«Երկրի հակառակ կողմը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում, իմ կարծիքով Նիկոլը տալիս է հեղափոխության առաջնորդի կատարյալ այս բանաձևը. «Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը»:
Իսկ ինչի՞ դեմ էր պայքարում մեր ժողովուրդը: Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր տեսակետից կձևակերպի նախորդ իշխանության դեմ պայքարի, նրանց իշխանությունից հեռացնելու համար ի՛ր պայքարի պատճառների մասին, ի՛ր հեղափոխության անհրաժեշտության մասին, որը կարճ կձևակերպեմ այն բառերով, ինչ բառերով, որ Նիկոլի գրքում Նովոսիբիրսկի փողոցում բողոքում էր ռուս մարդը՝ երկրում տիրող անարդարության, կեղծիքի, ամենաթողության, ապօրինության դեմ:
Ժողովուրդն ատում էր նախորդ իշխանությանը և եկեք թավշյա հեղափոխության հաջողության մեջ չթերագնահատենք նախորդ իշխանության նկատմամբ ժողովրդի մեջ առկա ատելության կրիտիկական աստիճանը, որը մի կիզակետում խտացնելու ու պայթեցնելու գործը հաջողեց Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ առանց արյունի: Իսկապես հրաշք տեղի ունեցավ, որի համար անձամբ ասում եմ. Նիկոլ ջան, օրհնվի էն սհաթը, որ 43 տարի առաջ որպես հեղափոխական առաջնորդ ծնվեցիր մեր տառապող ազգի համար:
Գրքում ակնհայտ է Նիկոլի ակնածանքը հեղափոխական Չե Գևարայի կերպարի նկատմամբ, ով, ըստ Նիկոլի. «հասկացավ, որ իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար, իսկական հեղափոխականը երբեք իշխանավոր չպետք էլինի, իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց չպետք է հաստատի իշխանություն և օրենքներ: Ես այսպես եմ հասկանում Չե Գևարային: Եվ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալի սասել սա. իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»:
Այնուհետև զարգացնելով այս միտքը բացատրում է, որ իսկական հեղափոխականը հեղափոխության հաղթանակից հետո չպետք է կորցնի զգոնությունը, քանի դեռ այն չի պսակվել ժողովրդի ինքնիշխանությամբ և երբ համոզվի, որ ժողովրդի ինքնիշխանությանն այլևս ոչինչ չի սպառնում, «նա ազատ է լինել սովորական քաղաքացի՝ սովորական քաղաքացու իրավունքներով»: Ցանկացած հեղափոխություն, ըստ Նիկոլի, սթափեցնող ապտակ է բոլոր նրանց համար, ովքեր հրաժարվել են հասկանալ, որ ժողովրդին այդպես կառավարել այլևս չի կարելի:
Այս հաղթանակն իսկապես ազնիվ, նպատակասլաց, գրագետ, համարձակ, անհողդողդ, իր քայլերի փիլիսոփայությանը հավատացող, Հայրենիքի նկատմամբ սերն ուրույն կերպով դրսևորած առաջնորդ Նիկոլի հաղթանակն է: Արցախյան ազատագրական պայքարի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության հաղթանակը, իմ համոզմամբ, մեր ազգային արժանապատվության հաղթանակն է, նրա շնորհիվ աշխարհը ճանաչեց հայ ժողովրդին որպես ցեղասպանության բարդույթը հաղթահարած, արդարության համար պայքարող ու սեր տարածող ժողովուրդ:
Աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերն այսօր իրենց հայացքները սևեռելեն դեպի Հայրենիք, նրանք ոգևորված սպասում են այն լրջագույն փոփոխություններին, որոնց բացակայության պատճառով նրանցից շատերը հեռացել են: Բոլորս ակնդետ հետևում ենք նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների ապօրինի հարստացման բացահայտման ընթացքին, որն աննախադեպ է Հայաստանի անցած 27 տարիների քաղաքական կյանքում:
Բայց……………………կան մտահոգություններ: Հիշեցնեմ Նիկոլի բանաձևը՝ հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը:
Նաև լավ է, որ հեղափոխությունից հետո եմ կարդում այս գիրքը, որովհետև ունենում եմ համեմատելու հնարավորություն, թե հեղափոխական առաջնորդ Նիկոլն ինչ է մտածել իսկական հեղափոխականի և հեղափոխության մասին 10 տարի առաջ, ինչ գաղափարներ ու ինչ փիլիսոփայություն է իր մեջ կրել, ինչ մտքեր են առաջնորդել ու տանջել իրեն այն օրերին և այսօր, երբ թավշյա հեղափոխությունն իրականություն է արդեն ու հաղթանակի արդյունքում ինքը մեր երկրի թիվ մեկ պատասխանատուն է, որքանով է նա հավատարիմ մնում իր գաղափարներին և ինչպես է դրանք կիրառում:
Կարդում եմ հեղափոխության առաջնորդի առջև դրած Նիկոլի գերնպատակի պահանջն ու Չե Գևարայի մասին գրածն ու մտածում, եթե հեղափոխության առաջնորդն իր համախոհներին, բոլոր նրանց, ովքեր քայլեցին նրա հետ, ովքեր այսօր Նիկոլի հետ ստանձնել են Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվությունը, այսինքն՝ Հայաստանի ապագան, տվել է այս բանաձևն ու պահանջում է չդառնալ այնպիսին, ինչի դեմ միասին պայքարի են ելել, ուրեմն պիտի բոլորն իրենց ականջներին օղ անեն առաջնորդի բանաձևն ու վախենան մի այլ նիկոլանման «իսկական հեղափոխականի Աստվածային ցասումից, որը կարող է գալ անսպասելի ու հեռանալ անսպասելի»: Նիկոլը սովորեցրեց մեր ժողովրդին այդ քայլն անել:
Նիկոլի առաջնորդությամբ, իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության կուսակցականացված համակարգի դեմ՝ անկախ պրոֆեսիոնալիզմից, սակայն այսօր կառավարության կազմը ձևավորվում է միայն կուսակցական պատկանելիության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդունելի է ու հիշեցնում է նախորդներին:
Գրքում մի հոյակապ պատմություն կա այն մասին, թե ինչպես Նովոսիբիրսկի փողոցում մի բողոքող մարդ սովորական զանգը 3 անգամ հնչեցնելուց հետո այն ցած է դնում գետնին ու խոսում երկրում տիրող անարդարության, կեղծիքի, ամենաթողության, ապօրինության մասին: Նիկոլն իր հետ ճանապարհորդության ժամանակ ընկերացած ռուս պաշտոնյա մարդը, ով պրոֆեսիոնալ ընտրակեղծարար է, ընտրացուցակները մեռած հոգիներով ապահովող մի պաշտոնյա, ում հետ անընդհատ վիճում են ժողովրդավարության մասին, մոտենում են բողոքավորին ու լսում նրա ասածը: Նիկոլը ռուս ընկերոջն ասում է՝ այս մարդը բացարձակ ճշմարտություն է ասում:
Ընտրակեղծարարն ասում է, որ այս մարդը տնօրեն է եղել ու նրան գործիցազատել են, նա «աբիժնիկ» է, դրա համար էլ բողոքում է: Նիկոլն էլ նրան հզոր փաստարկներով ապացուցում է, որ բողոքավոր մարդու ասածը բացարձակ ճշմարտություն է, որի հետ պրոֆեսիոնալ ընտրակեղծարարն ի վերջո, համաձայնվում է ու Նիկոլն ասում է. «էլ սրանից հետո ի՞նչ կապ ունի՝ նա տնօրեն է եղել, թե՝ ոչ, աբիժնիկ է, թե՝ ոչ, մարդը բացարձակ ճշմարտություն է ասում»:
Այս պատմությունը մեջբերեցի բոլոր նրանց համար, ովքեր անհանդուրժող են կառավարության հասցեին հնչող նույնիսկ դիտողությունների նկատմամբ, որը լավ չէ: Լսեք բոլորին, ինչպես լսում էիք հեղափոխության ընթացքում, այն ձեզ ավելի կուժեղացնի: Խնդրում եմ, աստղային հիվանդությամբ չվարակվեք, որովհետև ինչպես Նիկոլն է ասում. «իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար»:
Օգոստոսի 8-ին կլրանա Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակի արդյունքում ժողովրդի իշխանությունն անվերապահորեն նվաճած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը, կարծում եմ այդ օրը պարոն Վարչապետը հանգամանալի կխոսի բոլոր այն հարցերի մասին, որոնք այսօր հուզում են ՀՀ սթափ հասարակութանը:
Այնուամենայնիվ մտահոգ եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ հաղթած այս թավշյա հեղափոխությունն ու նրա բերած վստահությունն իշխանության նկատմամբ շատ թանկ է բոլորիս համար, անկախ նրանից Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ենք, թե՝ ոչ, նրա հետ Գյումրիից Երևան քայլել ենք, թե՝ ոչ, որովհետև Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետը մեր ինքնիշխանության գրավականն է ու ամեն գնով սատարելու ենք նրան:
Այս հոդվածն էլ գլխումս ծնվեց, երբ այսօր ավարտեցի Նիկոլի գիրքն ու մտահոգություններս ավելի ընդգծվեցին, որոնց մասին գրել եմ ամենայն անկեղծությամբ, սիրով ու մեր երկրի ապագայի նկատմամբ մե՜ծ հավատով:
Անահիտ Բախշյան
Նյութի աղբյուրը՝ asekose.am