Արփի Գաբրիելյանի նոր բիզնեսի շնորհանդեսը, ծննդյան 29 ամյակը և հուզմունքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Դերասանուհի Արփի Գաբրիելյանը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը։ 29–ամյակն Արփին տոնեց յուրահատուկ ձևով` ներկայացրեց իր անվանական շրթներկը։ Օրվա առաջին կեսը նա անցկացրեց երկրպագուների, երկրորդ կեսը` ընկերների ու գործընկերների հետ։

Tert.am Life–ը ներկայացնում է Արփիի նոր բրենդի շնորհանդեսի ու ծննդյան օրվա մանրամասները։ Արփին շեշտում է` շրթներկի իր անվանական գույները ստեղծելիս 2 կարևոր հանգամանք է հաշվի առել` բնականությունն ու երկրպագուների տարիքային խումբը։

«Տարածված կարծիք կա, որ ես պլաստիկ վիրահատությունների զոհ եմ, սակայն կարող եմ վստահ ասել, որ իմ դեմքի վրա պլաստիկ միջամտություն չկա։ Սիրում եմ բնական գույների մեջ  դիմահարդարվել։ Երկար քննարկումներից հետո հասկացանք, որ «Արփի» գույնը  պետք է լինի այն գույնը, որը ես եմ օգտագործում։ Դիմահարդարները փորձում են այդ գույնը ստանալ տարբեր երանգների միախառնումից։ Քանի որ այդ գույնը երբեք մի շրթներկ չի եղել, որոշեցինք ստանալ հենց դա։ Իմ անվանական երկրորդ շրթներկն անգույն փայլ է, քանի որ իմ թիրախային լսարանում շատ են դեռահաս աղջիկները, որոնք դեռ չեն կարողանում լիարժեք օգտվել կոսմետիկ  միջոցներից»,– ասաց դերասանուհին։

Արփին այս նախագիծն իրականացնում է Feral cosmetics-ի հետ, որը  2 տարի է` արտադրվում է ԱՄՆ-ում։ Ընկերության տնօրեն Արփինե Զոհրաբյանը նկատեց, որ իրենց ապրանքանիշի վաճառքի որոշ տոկոս տրամադրում են բարեգործության։ Այս փաստը ևս ոգևորիչ է եղել Արփիի համար։ Նա հույս հայտնեց, որ հետագայում այլ գույներ էլ կստեղծեն։

Անդրադառնալով գնային քաղաքականությանը` Արփին վստահեցրեց, որ փորձել են հայաստանյան շուկայի համար մատչելի գներ սահմանել. «Հատկապես իմ գույների դեպքում մեծ ուշադրություն ենք դարձրել այդ փաստին, որովհետև հստակ գիտեմ, թե իմ լսարանում տարիքայի որ խումբն է  գերակշռում»։

Արփին պատահական չէր իր բրենդի շնորհանդեսը համատեղել ծննդյան օրվա հետ։ Երգչուհու համար սա նոր սկիզբ է, որի մեկնարկը տալիս է 29-ամյակի առթիվ։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ երազանքները բարձրաձայնել չի սիրում, սակայն այս պահին իր ամենամեծ նպատակն այս նախագիծը հաջողությամբ պսակելն է։

«Տա Աստված, նախագիծն ունենա շարունակական այն գիծը, որը ես եմ մտածել։ Իմ առաջնային նպատակը գումար աշխատելը չէ, թեև յուրաքանչյուր բիզնես նախագիծ դա է ենթադրում։ Ես շատ ուրախ եմ, հպարտ, ոգևորված, ինչ–որ տեղ նույնիսկ հուզված, որովհետև Հայաստանում առաջին մարդն եմ, որն ունի իր անվանական շրթներկը։ Անչափ ուրախ կլինեմ, եթե իմ գործընկերներն էլ առաջ մղեն այս տենդենցը, նման նախագծեր ունենան, որովհետև ամբողջ աշխարհում սա վաղուց կա»,– ասաց Արփին, որը մտածում է նաև հետագայում իր բրենդն ունենալու մասին։

Ինչ վերաբերում է ծննդյան օրվա անակնկալներին` դերասանուհին ասաց, որ օրը սկսվել է արտերկրում բնակվող ընկերուհու անակնկալով, որը մեծ ու գեղեցիկ տորթ էր ուղարկել իրեն։

«Օրս սկսել եմ շատ լավ։ Ծննդյանս օրը և, առհասարակ, ինձ համար կարևոր օրերին անպայման միայնակ գնում եմ եկեղեցի և մոմ վառում։ Հետո եկա այստեղ` երկրպագուներիս հետ հանդիպմանը»,– ասաց Արփին, որը երեկոն անցկացրեց նախ փակ շնորհանդեսով` ընկերների և գործընկերների հետ, այնուհետև ժամանցի կենտրոններից մեկում ամենամտերիմ մարդկանց հետ։

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Աղբյուր՝ Life.tert.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS