Ալեքսանդր Սարգյանի որդու հարցը դատարանին՝ լայն քննարկման առիթ է դարձել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն, այսօր՝ դեկտեմբերի 11- ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դիրքորոշում չհայտնեց իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ 11 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի համար մեղադրվող Հայկ Սարգսյանը խնդրեց դատարանին պարզաբանել, թե ըստ մեղադրանքի՝ մարմնի ո՞ր մասին է կրակվել.

«Խնդրում եմ պարզաբանել՝ ըստ մեղադրանքի որովայնը մարմնի ո՞ր մասն ա»,- դատարանից հետաքրքրվեց Հայկ Սարգսյանը։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ամբաստանյալին պարզաբանեց, որ որովայնը մարմնի՝ կրծքավանդակից ներքև գտնվող հատվածն է։ Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն էլ ասաց, որ մեղադրանքի էությունը պարզ է և հասկանալի։

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով, սակայն, մեղադրանքը վերացական է և հասկանալի չէ, թե մարմնի կոնկրետ ո՞ր հատվածին է վնասվածքը հասցվել։ Այսօրվա դատական նիստին դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը. նախ կհարցաքննեն տուժողին, հետո գործով վկաներին, ապա կհետազոտվեն գործում առկա ապացույցները, իսկ վերջում կլսեն ամբաստանյալին։ Այսօրվա դատական նիստը աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հետաձգվեց և նշանակվեց հունվարի 16- ին։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Ավելի վաղ հայտել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Աղբյուր՝ News.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS