ՔՊ-ում քննարկումներ են գնացել ու թիմեր ստեղծվել. Սասուն Միքայելյանը մանդատը վայր չի դնի…

«Սասուն Միքայելյանին երբեք չի զարմացրել վարչության անդամ լինել կամ չլինելը: Բնական է, ինձ ձայն չեն տվել, դա թաքցնելու բա՞ն է, արդարանամ ու ասեմ՝ ինձ ձայն տվեցի՞ն:
Միգուցե այնտեղ խմորումներ են գնացել, ինչ-որ որոշակի մարդիկ թիմեր են ձևավորել ներսում, դրա համար սենց եղավ, բայց Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը, որպես ՔՊ կուսակցության անդամ, շարունակի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում իր՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելու հարցին։
Միքայելյանը շեշտեց, որ ինքը 2.5 տարի եղել է ՔՊ վարչության նախագահ, և իր օրոք կուսակցությունը հաղթել է.

«Էսօր, որ ես չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ, ժողովո՛ւրդ»-, ասաց պատգամավորը: Վերջինս հրաժարվեց անհատականացնել և խմորումների մասնակիցների անուններ տալ։ «Ես անուններ տվող չեմ, դատարանում էլ, որ նստել եմ 3.5 տարի, անուններ չեմ տվել»,- ի պատասխան՝ ասաց պատգամավորը։

Անդրադառնալով պատգամավորական մանդատը վայր դնելու մասին լուրերին՝ Միքայելյանը ասաց, թե չգիտի՝ դա ում երազանքն է. «Լսեք, ժողովուրդ, մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը:Ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին:

Եվ էս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, որ արդար ընտրություններ են գնացել, ես գրեթե 32 հազար ձայն եմ հավաքել:
Ես ժողովրդի առաջ եմ պատասխանատու: Ինչ-որ էս խաղերի, կամ էդ 300 հոգու մեջից քվեարկության արդյունքում ես պատասխանատու չեմ, որ ես խռովեմ, նեղանամ: Ես խռովող տղա չեմ: Ես իմ գործն արել եմ, անելու եմ, ավելի եմ անելու»,- ասաց Միքայելյանը:

Թե ինչու էր պատգամավորը անցած շաբաթ բացակայում ԱԺ նիստերից, իր բացակայությունը Միքայելյանը կապեց առողջական խնդիրներով, նաև, որ սպասել է՝ իրավիճակը պարզվի: Հարցին՝ այսինքն՝ չե՞ք նեղացել, Ս. Միքայելյանը հարցով պատասխանեց. «Ո՞ւմից նեղանամ»:


Լրագրողներին դիտարկմանը, որ կուսակցության համաժողովում իր ելույթի ժամանակ շատերը ցուցադրաբար դուրս են եկել, պատգամավորը հակադարձեց, որ նման բան չի եղել, երեք հոգի դուրս են գնացել ծխելու: Ս. Միքայելյանը նշեց, որ ընտրություններից հետո վարչապետի հետ քննարկում չի եղել։ Հարցին՝ Կոտայքում հի՞ն Հայաստանն է, Միքայելյանը պատասխանեց` «Почти»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS