3 ամյա Միլենային դոնորական արյուն է պահանջվում. Նա հիվանդ է սուր լեյկոզով

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, 3-ամյա Միլենա Ճուղուրյանի մոտ սուր լեյկոզ է ախտորոշվել: Բուժման ընթացքում աղջիկը մեծ քանակությամբ դոնորական արյան կարիք ունի, ինչպես նաեւ մեծ թվով թանկարժեք դեղերի:

Աղջկա տատիկը՝ Մարինե Վիրաբյանը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, թե վերջերս նկատել էին, որ ակտիվ ու կենսուրախ աղջկա մոտ մի բան այնպես չէ. նրա աչքերը սկսել էին կարմրել եւ ուռել, մարմնի վրա հայտնվել էին ոչ մեծ կապտուկներ: Աղջկան անմիջապես բժշկի են տարել, եւ շուտով պարզվել է, որ նրա մոտ լեյկոզ կա:

Հիմա Միլենան պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում է, որտեղ մասնագետները կատարում են վերջին հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են բուժում նշանակելու համար: Անկախ այն հանգամանքից, թե նրա համար ինչ դեղեր կընտրեն, նա դոնորական արյան եւ դրա բաղադրամասերի հաճախակի փոխներարկման կարիք կունենա:

Աղջկա ծնողները Երեւանի եւ շրջակա շրջանների բնակիչներին խնդրում են մի փոքր դոնորական արյուն հանձնել:

Ինչպես նշեցին աղջկա բժիշկները, այս դեպքում արյան խումբը կարեւոր չէ. ցանկացած խումբ կհամապատասխանի: Աղջկա համար, իհարկե, կընտրեն նրա խմբին համապատասխանող արյունը, բայց եւ մյուս խմբերի արյունն էլ զուր չի կորչի. հենց հիմա հիվանդանոցում կան նման ախտորոշմամբ այլ երեխաներ եւս, որոնք նույնպես դոնորական արյան կարիք ունեն:

Արյան դոնորներ կարող են դառնալ 18-60 տարեկան առողջ մարդիկ, որոնք վերջին 6 ամիսներին վիրահատության եւ բժշկական այլ մանիպուլյացիաների չեն ենթարկվել (ինչպես նաեւ չեն կատարել դաջվածք ու պիրսինգ): Բոլոր ցանկացողները 9:30-ից մինչեւ 12:30 կարող են անձնագրով դիմել պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Նշենք, որ արյունը պետք է հանձնել սոված ստամոքսով:

Աղբյուր՝ Med.news.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS